«Հրապարակ» թերթը գրում է․ «Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարեւոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, եւ հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։
Այսպիսով, օգոստոսի 29-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի վերջերին, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ՔՊ-ում որոշ տեխնիկական բացթողումներ էին նկատել եւ երկու ամսով հետաձգեցին օրենքի ընդունումը։ Թեպետ անվտանգային լարված իրավիճակում այս նախագիծն օրակարգ բերելը բուռն քննադատությունների արժանացավ, եւ իրականում այդ պատճառով որոշեցին դադար վերցնել, բայց հիմա կրկին վերադարձնում են օրակարգ։
Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, եւ դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։