Անձնագրայինների հերթերը հասան մարզեր. հարցը չի լուծվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված էր մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ, մասնավորապես՝ աճում էին ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու, փոխանակելու դիմումները։

Բացի այդ, նշվում է, որ անհամեմատ շատացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումները: Կուտակումներից խուսափելու համար անձնագրայիններում անցան էլեկտրոնային սպասարկման: Թվում էր, թե այսքանով խնդիրը լուծված է, սակայն ավելի ուշ առաջացավ մեկ այլ խնդիր: Հերթերի կուտակումները մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Պատճառը հերթերի ուշ հասնելն ու համակարգի թերի վիճակն էր: Երևանից քաղաքացիները տեղափոխվում էին մարզերի անձնագրայիններ՝ «հայավարի» իրենց գործարքը կատարելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ՝ ճշտելու, թե ինչ լուծում են նախատեսում այս դեպքում:

«Յուրաքանչյուր հերթագրման համար ամենաքիչը տրամադրվում է 7, ամենաշատը՝ 25 րոպե՝ կապված ծառայության բովանդակությունից: Օրինակ՝ ելքի կնիք տրվում է 7 րոպեում, իսկ անչափահասի անձնագրավորում՝ 25»:Մեզ նաև տեղեկացրին, որ, իհարկե, այժմ հերթերը մայրաքաղաքում բեռնաթափվել են, սակայն անձնագրայինների աշխատանքի արդյունավետությունը դեռևս քննարկման ու գնահատման փուլում է, քանի որ վիրտուալ հերթերը ձգվում են շաբաթներ շարունակ:

«Եկող շաբաթվանից սկսած՝ ավելացվելու է նոր գործիքակազմ, որը ավելի արդյունավետ կդարձնի հերթագրումների համակարգը: Հաշվի առնելով, որ, օրինակ, լիազորված անձը կարող է միանգամից տասնյակ մարդկանց համար հերթագրվել և գալ գործարք կատարելու, թողել ենք այդ հնարավորությունը, բայց նաև կան քաղաքացիներ որոնք չարաշահում են սա և հերթագրվում են մի քանի անգամ միևնույն գործարքի համար այն նպատակով, որ երբ հարմար լինի, այդ օրն էլ մոտենան։

Մենք լիազորված անձանց համար այլ լուծում ենք մտածել, մնացածի համար սահմանափակում ենք դրել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա մեկ անգամ հերթագրվելու հնարավորություն, և եթե չի կարողանա այդ օրը ներկայանալ, ստիպված կլինի ևս մեկ անգամ հերթագրվել, այսինքն՝ միաժամանակ երեք տարբեր անձնագրայիններում երեք տարբեր օրեր պահել անձնագրավորման համար չի կարողանա»:

Վարչությունից տեղեկացրին նաև, որ նոր գործիքներ են մտածվել՝ հերթագրումը չեղարկելու հետ կապված: Մասնավորապես՝ քաղաքացիների՝ հերթագրումը չեղարկելու դեպքում այդ տեղերը կազատվեն, և այլ քաղաքացիներ հնրավորություն կունենան չեղարկված տեղերում հերթագրվելու: Եթե, օրինակ, քաղաքացին, անընդհատ թարմացնելով, տեսնում է, որ մոտակա հասանելի օր կա, կարող է հերթագրվել: Բացի սա, կա նաև ձեռքով կարգավորում։ Սա իրենից ենթադրում է հետևյալը. եթե քաղաքացու գործարքը հրատապ է, և այդ հրատապությունը հինավորված է որևէ փաստաթղթով , օրինակ՝ կա պլանավորված ճամփորդություն, և ավիատոմսերը գնված են, դրանք ևս իրականացվում են արտահերթ սպասարկումով: Այս հրատապությունը ևս ունի իր կատեգորիաները՝ առողջական խնդիրներ, հաշմանդամներ, տարեցներ և այլն: Այսինքն՝ ինչ-որ կարգավորումներ այժմ ձեռքով են արվում, մինչև կավտոմատացվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print