Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է հողօգտագործողներից գնել ցորենի պահեստավորված բերքը` շուկայական գնով, անկախ քանակից: Այս մասին տեղեկացնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են, ուստի հողօգտագործողներին կոչ են անում անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել իրենց կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:
«Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:
Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևացնելու մեջ ունենալով ձեր ներդրումը»,- ասված է Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարության մեջ։