Ցուցահանդես-վաճառքի այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու երկու երկրների ազգային խոհանոցների համադամ ուտեստները:
Օրերս Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավորներ` Հուսեյն Հաթամին, Մասումե Փաշային, Արա Շահվերդյանին եւ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին, հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Ողջունելով միմյանց՝ զրուցակիցները անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր կապերին, բարեկամական հարաբերություններին, առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորություններին: Կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը:
Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս՝ կողմերը ընդգծել են մշակութային-տնտեսական տարատեսակ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, որի վառ օրինակներից դարձավ օգոստոսի 26-ին կայացած Հայ-Իրանական խոհանոցային-մշակութային փառատոնը: Այն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի նախաձեռնությունն էր, կյանքի կոչվեց Կապանի համայնքապետարանի և հյուպատոսարանի համատեղ ուժերով:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունից հետո համայնքի ղեկավարը բարձրաստիճան հյուրերի հետ շրջել է տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրանքատեսականուն, զրուցել մասնակիցների հետ:
Ցուցահանդես-վաճառքի այցելուները ոչ միայն ծանոթացան ներկայացված բազմազան տեսականուն, այլեւ հնարավորություն ունեցան համտեսելու երկու երկրների ազգային խոհանոցների համադամ ուտեստները: