Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ.Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:
Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի անվամբ բերված հանձնուքը:
Արդյունքում՝ հանձնուքում առկա տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերվել է ընդհանուր 2,43 գրամ կասկածելի զանգվածներով 8 պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթներից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, իսկ հինգում՝ կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,23 գրամ քաշով, սպիտակ զանգվածներ:
Դեպքից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել վերոնշյալ կալանավորված անձ Ն.Ս.-ի խցում, ինչի արդյունքում պահարանի վրա դրված պլաստմասսայե տարայից հայտնաբերվել է 3 թղթե փաթեթ, իսկ պահարանի մեջ պատրաստված թաքստոցից՝ բջջային հեռախոս և բաժանորդային քարտ: Փաթեթներում առկա են եղել ընդհանուր 1,55 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, սպիտակ զանգվածներ:
Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ.Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:
Հանձնուք բերած քաղաքացի Գ.Մ.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված բոլոր զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
–