Ադրբեջանական կողմից հումանիտար օգնության հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել

Բերձորի (Լաչինի) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ։

Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Հետևաբար, այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Արցախին ուղարկվող «հումանիտար» բեռներին։

Նա նշել է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։

«Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- պարզաբանել է նախագահի մամուլի խոսնակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print