Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար կայան

ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, ուստի աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

ԼՂ-ի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն այս պահին օրհասական է: Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր բացվել է հումանիտար կայան, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

«Որպես խորհրդանշական վայր դարձած Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ նաև միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կայանման, ժամանման վայր է, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, ուստի աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print