Բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց. ՔԿ

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։

Համաձայնությունը կայացել է նրանում, որպեսզի դիտավորությամբ պայմաններ ստեղծեն, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց:

Փոխլրացնելով միմյանց գործողությունները, գործելով խմբի կազմում՝ վերջիններս 2020 թ. հոկտեմբերի 19-ին զորամասի շտաբում ենթակա երկու ստորաբաժանումների հրամանատարներին հրաման են տվել խուճապ տարածել զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զորամասի զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց։ Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել:

ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ և N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 43-546-րդ հոդվածի 2-րդ մասին): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին».- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print