Այն տարբերակը, որը ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ․ Արցախի ԱԳ նախարար

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր վրա վերցրած պարտավորությունները, անգամ, եթե դրա վրա կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

Այն տարբերակը, որը ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ ու տեսնում եք, թե մեր հայրենակիցներն ինչպես են դրան արձագանքել։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում, անդրադառալով Ակնայով  ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջարկին, ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախարարը պատասխանեց նաեւ այն հարցին, թե իշխանության ներսում կարծես թե անհնար չեն համարում այդ տարբերակը․

«Իշխանության պարտականությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկները, որոնք գալիս են միջնորդների, այլ շահագրգիռ կողմերի կողմից։ Կարևորն այն է, որ այս առաջարկները լինեն ողջամիտ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր վրա վերցրած պարտավորությունները, անգամ, եթե դրա վրա կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այս ընթացքում որևէ քայլ չի վկայել այն մասին, որ Ադրբեջանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ակնայով ճանապարհ բացելու դեպքում  Լաչինի միջանցքը ևս  կբացվի, նախարարն նշեց․

«Այս ընթացքում մենք շատ հավաստիացումներ ենք լսել, ցավոք սրտի դրանցից ոչ մեկը իրականություն չէ։ Արցախյան կողմը ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի  խաղաղ բանակցությունների միջոցով փորձենք ամենածանր հարցերին անգամ փոխընդունելի լուծումներ գտնել, բայց ադրբեջանաան կողմն է խուսափում սրանից։ Ռուս խաղաղապահների միջոցով պարբերաբար մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմը ուղղակի չի պատասանում»,- անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ շփումներին ու բանակցություններին՝ ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print