«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը բարելավել է ՀՀ սուվերեն վարկանիշը

Վարկանիշի բարելավումն արտացոլում է Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավումները:

2023թ. օգոստոսի 25-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն վարկավորման վարկանիշը՝ «B+»-ից փոխելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

«Կայուն» հեռանկարը, ըստ գործակալության գնահատման, հավասարակշռում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարները և բարելավված հարկաբյուջետային հաշվեկշիռը չափավոր թույլ արտաքին դիրքի և աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ:

Վարկանիշի բարելավումն արտացոլում է Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավումները: Ռուսաստանի հետ սերտ աշխարհագրական, տնտեսական և մշակութային կապերի շնորհիվ Հայաստանը ռուս անհատների և ձեռնարկությունների համար Ռուսաստանի արդի տնտեսական և քաղաքական պայմաններում համարվում է նախընտրելի ուղղություններից մեկը: Արդյունքում, միգրանտների և կապիտալի ներհոսքը խթանել է Հայաստանի տնտեսական աճը (իրական ՀՆԱ-ն Հայաստանում 2022թ. աճել է 12.6%-ով) և կրճատել ​​հարկաբյուջետային և ընթացիկ հաշվի դեֆիցիտը։ Ֆինանսական ներհոսքերը նաև հանգեցրել են 2022թ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 22% արժևորմանը, ինչը նպաստել է դոլարային արտահայտությամբ կառավարության ​​պարտքի կրճատմանը։

Նշենք, որ գործակալությունը առաջիկա մի քանի տարիներին Ռուսաստանից Հայաստան ֆինանսական և աշխատուժի ներհոսքի կտրուկ շրջադարձը համարում է քիչ հավանական և ծայրահեղ սցենարներ բացառելու պարագայում առաջիկա տարիների համար ակնկալում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարներ՝ կանխատեսելով 7.5% աճ 2023թ. և 4-5% աճ՝ 2024-2026թթ. համար:

Վարկանիշի բարելավմանը նպաստել են նաև Հայաստանի՝ արտաքին պաշտոնական ֆինանսավորման շարունակական հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության խելամիտ շրջանակը, որի շնորհիվ վերջին տարիներին պահպանվել է տնտեսական և ֆինանսական կայունությունը՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:

Բացի այդ, գործակալությունն ակնկալում է մինչև 2026 թվականը զուտ կառավարության պարտքի մակարդակի կայունացում՝ ՀՆԱ-ի 42%-ի սահմաններում, իսկ Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ գործակալության, 2023թ. կավելանա մինչև ՀՆԱ-ի 2.0%, սակայն կկրճատվի 2024-2026թթ.:

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալության հոդվածն ամբողջությամբ այստեղ :

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print