ԶՊՄԿ-ն ժամանակակից հանքարդյունաբերական ծրագիր է, որը գտնվում է գործընթացների եւ տեխնոլոգիաների մշտական բարելավման ընթացքում։
Ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ռեպորտաժներ են պատրաստել, որոնցում տարածքի բնակիչները բողոքում են հանքի գործունեությունից։ Ըստ նրանց՝ կոմբինատը հին տեխնոլոգիաներով է գործում՝ վտանգավոր արտանետումներով, խաթարում է տարածաշրջանի էկոհամակարգը։ Այդ նպատակով ադրբեջանցիները ռուս լրագրող էին գործուղել Հայաստան, ով հարցազրույցներ էր արել հայ բնապահպանների հետ։ Թեմայի առնչությամբ ներկայացրել էինք բնապահպանների տեսակետը, այսօր զրուցել ենք
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի հետ: Խնդրել ենք մեկնաբանել ադրբեջանական մեղադրանքները` ուղղված կոմբինատին։
«Կարծում ենք՝ Հայաստանում ու նաեւ՝ Հայաստանից դուրս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական պրոպագանդան աշխատում է նպատակային՝ Հայաստանի տնտեսության հիմքերը խարխլելու ուղղությամբ։
Պրոպագանդային փաստերով եւ գիտությամբ արձագանքելն անշնորհակալ գործ է։ Կարծում ենք՝ նման կազմակերպված քաղաքական հարձակմանը քաղաքական հակադարձում է պետք՝ Հայաստանի պատկան մարմինների կողմից։ Մեր անունից կարող ենք խոսել միայն մեր հասարակության համար, քանի որ դարձյալ գաղտնիք չէ, որ, ցավոք, անհիմն մեղադրանքները, միֆերը, գոյություն չունեցող «աղետների» մասին առասպելները հյուսվել են նաեւ հայաստանյան որոշ շրջանակների կողմից։ Միտումնավոր թե՝ միամտաբար։ Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ցանկացած ազատ խոսք խեղդել են ամենաբիրտ մեթոդներով, Հայաստանում խոսքի ազատության խնդիր երբեք չի եղել, եւ դա մենք դրական ենք գնահատում։ Մյուս կողմից, սակայն, խոսքը եղել է ոչ միայն ազատ, այլեւ հաճախ՝ անպատասխանատու, իսկ զրպարտությունը եւ անվանարկումը՝ անպատիժ։ Հետեւաբար, տարածված միֆերին կարող ենք արձագանքել միայն մի քանի փաստով։ Սյունիքը Հայաստանի ամենաառողջ մարզերից է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքում, օրինակ, քաղցկեղով հիվանդացության ամենացածր մակարդակն է հայաստանյան մարզերի մեջ։ Սա՝ ինչ վերաբերում է, այսպես կոչված, «առողջական խնդիրներին»։
Տարածաշրջանի էկոհամակարգի մասին միֆին էլ պատասխանել են ԱՄՆ Յելի համալսարանի վերջին հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ «բնապահպանական կատարողականի ինդեքսում» Հայաստանը 180 երկրների շարքում 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ գրեթե 50 կետով հետ՝ 104-րդը։ Այնպես որ, ժամանակն է, որ տարածաշրջանի բնապահպանությամբ մտահոգ բոլոր բնապահպանները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, «տարածաշրջանի փրկության» ջանքերը տեղափոխեն Ադրբեջան։ Եվ վերջապես. Հայաստանի հանքարդյունաբերությունն ունի տասնամյակների, եթե ոչ՝ հարյուրամյակից ավելի պատմություն։ Ավելին, նույնիսկ ադրբեջանական նավթը նախահեղափոխական շրջանից մինչեւ խորհրդային շրջան արդյունահանել են հիմնականում հայերը՝ Մանթաշովից մինչեւ Արամյանց։ Անկախության ընդամենը 30 տարվա ընթացքում է, որ ադրբեջանցիներն ինքնուրույն են մասնակցել իրենց նավթի արդյունահանմանը՝ իրենց երկիրը կանգնեցնելով բնապահպանական իրական աղետի առաջ։ 100-ից ավելի տարի հայկական գիտական եւ արդյունաբերական միտքը տիրապետել է ժամանակի համապատասխան գիտելիքներին եւ տեխնոլոգիաներին։
Եթե խորհրդային շրջանից մնացել էին որոշ բացեր ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային բոլոր երկրներում, ապա վերջին տասնամյակում Հայաստանի հանքարդյունաբերությունը մոդեռնիզացվում է նաեւ միջազգային հանրության համար տեսանելիորեն արագ տեմպերով։ Միայն Հայաստանի հաջող անդամակցումն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որտեղից Ադրբեջանը ստիպված էր դուրս գալ՝ չափանիշներին անհամապատասխանության պատճառով, լիովին բավարար է Ադրբեջանի կողմից բարձրացված ցանկացած «խնդիր» քմծիծաղով ընդունելու համար»,- պատասխանեց Ջհանյանը։
Այնուամենայնիվ, ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվում կոմբինատում՝ հարցրինք ԶՊՄԿ փոխտնօրենին։ «Կիրառվում են ժամանակակից հանքարդյունաբերության մեջ ընդունված նորագույն տեխնոլոգիաներ։ Ընկերությունն այժմ անցնում է նաեւ տեխնիկական վերազինման փուլ, ներդրվում են էլ ավելի ժամանակակից, նույնիսկ ոչ բոլոր արեւմտյան հանքարդյունաբերական ծրագրերում կիրառվող միջոցառումներ։
Մեր ամենախոշոր աղացն ամերիկյան արտադրության է, այս տարի սկսեցինք շահագործել չինական արտադրության կիսաինքնաղաց, որը ցույց տվեց իր արդյունավետությունն ու էներգախնայողությունը, առաջիկայում ձեռք կբերենք եւս երեքը։
Տեխնիկական վերազինման շրջանակում մենք մասնագետներ ենք գործուղել ԱՄՆ, որտեղից ձեռք է բերվել խտացուցիչ։ Այն կշահագործվի 24 թվականից եւ էապես կխնայի ջրային ռեսուրսները։ Քաջարանի հանքավայրը կառավարվում է smart mine ծրագրով, որն անթերի կառավարման ամենաժամանակակից համակարգն է, եւ հատուկ մեր հանքի համար գրվել է թվային կառավարման ծրագիր։ Այս տարի սկսվել ու շուտով կավարտվի ընկերության ամբողջական թվայնացումը։ Սա մի համակարգ է, որը թույլ է տալիս կառավարումը դարձնել առավելագույնս արդյունավետ, որոշումներ կայացնելու շղթայում նվազեցնել մարդկային գործոնը, ինչն ամբողջ գործընթացը կդարձնի կանխատեսելի ու կնվազեցնի բոլոր ռիսկերը, կբարձրացնի արդյունավետությունը։ Ներդրվում է ջրի շրջանառու համակարգ, որը հնարավորություն կտա արտադրական պրոցես վերադարձնել պոչամբարի ջրի մի մասը՝ զգալիորեն խնայելով ջրի օգտագործումը։ Առաջին անգամ ԶՊՄԿ-ն այս տարի հրապարակելու է ջերմոցային գազերի արտանետման վերաբերյալ զեկույց։ ԶՊՄԿ-ն ժամանակակից հանքարդյունաբերական ծրագիր է, որը գտնվում է գործընթացների եւ տեխնոլոգիաների մշտական բարելավման ընթացքում»։
Ջհանյանին հարցրինք նաեւ, թե, իր կարծիքով, ինչու է ԶՊՄԿ-ն հայտնվել Ադրբեջանի թիրախում։ «Նպատակն ավելի քան պարզ է։ Հարվածել երկրի տնտեսության հիմքերին, գուցե արդարացնել ապագա ապօրինի գործողությունները հայաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների դեմ։ Կարծում եմ՝ ոչ մեկի համար կասկած չի մնացել, որ Ադրբեջանը պատրաստ է կացնային ցանկացած մեթոդի, այդ թվում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ապօրինի։ Վառ ապացույցներից մեկը Երասխի կառուցվող գործարանին ուղղված հարվածներն են։ Մենք պետք է գիտակցենք, որ եթե Ադրբեջանը հաջողության հասնի որեւէ հարցում, ապա կընդլայնի ճնշումների մասշտաբը եւ կթիրախավորի ցանկացած ձեռնարկություն, որը եկամուտ է բերում մեր երկրին։
Բնապահպանական պատրվակներով վաղուց է խոսում ԱԷԿ-ի չակերտավոր վտանգի մասին, արդեն ինտենսիվանում են գյուղատնտեսության՝ մասնավորապես ձկնաբուծության էկոլոգիական ռիսկերի մասին խոսակցությունները։ Վաղը կարող են թիրախավորել անասնապահությունը, ջերմոցային գործունեությունը։ Սա նպատակային քաղաքական ծրագիր է՝ ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, որի հիմնական թիրախը, իհարկե, հանքարդյունաբերությունն է, բայց նպատակը՝ Հայաստանի տնտեսության ցանկացած աճի հնարավորությունը կանխելը»,- պատասխանեց Ջհանյանը։
–