Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է՝ որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները:

3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով: Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք:

Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար: Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:

Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է՝ որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:

Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»»,- ասված է ուղերձում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print