Մեր մարզի ապագա ձեռքբերումների բանալին նույնպես ձեր կրթական հաստատություններում է՝ նախակրթարաններից մինչև դպրոցներ, քոլեջներ ու համալսարաններ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Գիտելիքի և դպրության օրն առանձնահատուկ և կարևոր տոն է, որին հայ ընտանիքները պատրաստվում են յուրահատուկ ջերմությամբ։
Նոր ուսումնական տարին, սիրելի ուսուցիչներին և դպրոցական ընկերներին հանդիպելու սպասումների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ է բերում անձնական աճի ու նվաճումների, կրթական հաջողությունների, մասնագիտական հմտությունների զարգացման համար։
Մեր մարզի ապագա ձեռքբերումների բանալին նույնպես ձեր կրթական հաստատություններում է՝ նախակրթարաններից մինչև դպրոցներ, քոլեջներ ու համալսարաններ։ Ուստի, թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները պետք է հնարավորինս կատարելագործեն առկա հզոր ներուժը՝ համատեղելով մանկավարժական լավագույն ավանդույթները նորարարական գաղափարների մշտական որոնումների հետ։
Առանձնակի շնորհավորանքս՝ առաջին անգամ ՆՈՒՀ-եր, դպրոցներ, քոլեջներ ու բուհեր ոտք դնողներին․ բոլորդ անհամբերությամբ եք սպասել այս սեպտեմբերին, ու թո՛ղ, որ իրականություն դառնան այսօրվա հետ կապված բոլոր ակնկալիքները։ Իսկ մեր՝ մեծերիս պարտքն է օգնել ձեզ սիրել ուսումը և ամեն ինչ անել կրթության ու ինքնազարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելու համար։ Կրթությունը մի՛շտ մեր առաջնահերթություններից է՝ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում:
Բոլորիդ մեծ հաջողություններ ու խաղաղություն եմ մաղթում այսօրվանից սկսվող կրթաշրջանում։
Բարի՛ մեկնարկ 2023-2024 ուսումնական տարուն։
–