«Առաջ մեզ մեղադրում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն ինչ ուզում՝ անում է, գերիներ է վերցնում: Հիմա եթե նման գործողություն իրենց մտքով անցնում է, նրանք գիտեն, որ անպատասխան չի մնալու, պատասխանը հետեւում է»
Այս պահի դրությամբ լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. Մենք որոշակի արդեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր ամրությունների պաշտպանությունն ավելի ամուր իրականություն դարձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ինձ ասվել է, որ սկսվել է նրանից, որ երբ դիրքային հերթափոխ է եղել, կրակոց է եղել: Բնականաբար, այլեւս նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հհերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավելեւս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան:
Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից ականանետներ են կիրառվել, իսկ այդ դեպքում բեկորները բավականին տարածություն են վերցնում, զոհերի առկայությունը հենց դրա մասին է խոսում:
«Առաջ մեզ մեղադրում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն ինչ ուզում՝ անում է, գերիներ է վերցնում: Հիմա եթե նման գործողություն իրենց մտքով անցնում է, նրանք գիտեն, որ անպատասխան չի մնալու, պատասխանը հետեւում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտից ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի երկու զոհ եւ մեկ վիրավոր։
–