Ես ուզում եմ, երբ հաջորդ անգամ մենք գանք այստեղ, տեսնենք ապրեցված և ապրող տարածք, երեխաների մտածողությունը, զարգացումը ձևավորող, նրանց տաղանդը բացահայտող տարածք, որը կլինի բարեկարգ, ծաղիկներով պատված և խնամված: Ցանկանում եմ, որ երեխաները փոխեն վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց:
Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր երրորդ այցն է Պտղունքի միջնակարգ դպրոց: «Առաջին անգամ երևի հերթական աշխատանքային այցից էինք վերադառնում, երբ տեղեկացանք, որ Պտղունքի մի խումբ բնակիչներ շատ կարևոր բան ունեն ասելու: Չնայած ուշ ժամ էր, որոշեցինք կանգնել, և բնակիչները խնդրեցին, ասացին՝ մենք ուղղակի Ձեզ ուզում ենք ցույց տալ մեր դպրոցը: Մենք եկանք այստեղ, և իհարկե, տեսարանը շատ ցավեցնող էր, անկեղծ պիտի ասեմ: Իհարկե, ես չէի կարող այլ բան ասել, քան այն, որ անպայման կկառուցենք դպրոցը: Դրանից հետո եղավ կառավարության որոշում, Պտղունքի դպրոցը ներառվեց մեր ծրագրերում, որից հետո նախագիծ պատվիրվեց: Եթե չեմ սխալվում՝ նախորդ տարի նաև այցելեցի շինհրապարակ՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները: Եվ այսօր, ահա, մենք այստեղ ենք դպրոցի բացման առիթով, ինչը շատ կարևոր իրադարձություն է:
Այստեղ նշվեց, որ սա պատմական իրադարձություն է, ինչը, իհարկե, այս համատեքստում հենց այդպիսին է, բայց ես կուզենայի, որ դպրոցների բացումը մեզ համար դառնար առօրեական իրադարձություն, որովհետև պատմությունը դեռ նոր պիտի ստեղծվի այս դպրոցի ներսում: Սա ընդամենն աշխատանք է, սա ընդամենը պարտականություն է, նվազագույն պարտականություն Կառավարության կողմից, մարզպետի աշխատակազմի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Ես շատ եմ ուզում, որ մեզ համար դպրոցի բացումը, այս հանդիսավոր միջոցառումները, որտեղ ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ, չլինի պատմական իրադարձություն և դա չի լինելու պատմական իրադարձություն: Պատմական իրադարձությունն սկսվելու է մեր այստեղից գնալուց հետո, երբ մեր երեխաները, ուսուցիչներն սկսեն իրենց պատմությունը, և որը չի ավարտվելու դպրոցում: Հակառակը, ես ուզում եմ՝ մենք դպրոցի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ որոշակի վերաձևակերպենք: Ցանկանում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես վազքուղի, որպես թռիչքուղի, որպես տրամպլին, որից հետո, որի միջոցով պիտի սկսվի այս երեխաների թռիչքը, այս երեխաների ճախրանքը, և նրանք պետք է կարողանան թռչել իրենց երազանքների վրայով: Սա է իմ ուղերձը, որ այսօր ուզում եմ փոխանցել:
Նաև շատ հաճելի էր, որ երեխաների ներկայացումն անվանվել է «Դպրոցի ճանապարհը», որովհետև հիշում եմ՝ ես ասում էի, որ դպրոցի նախագծի մեջ միայն դպրոցը չէ: Շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով են երեխաները գալու: Եվ ես ուզում եմ, երբ բացմանը կներկայանան, կամ դպրոցի դռները կբացվեն, երեխաները գան այստեղ բարեկարգված, գծանշված ճանապարհով, որովհետև դա, առաջին հերթին, պետության վերաբերմունքն է երեխաների, քաղաքացիների նկատմամբ:
Իհարկե, դեռ ներս չենք հասցրել մտնել: Հույս ունեմ՝ ներսում դիտարկելի թերություններ չենք նկատի, բայց գոնե մինչև այս պահը տեսնում եմ, որ հանձնարարականը ճշգրիտ կատարված է»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Տարածքային զարգացման հիմնադրամին, շինարարներին՝ կատարած աշխատանքի համար:
«Հարգելի երեխաներ, հարգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, այս տարածքը ձեզ է հանձնվելու: Սա ընդամենը տեխնիկական փուլ է, բուն բովանդակային փուլն սկսվում է այսօրվանից: Ես ուզում եմ, երբ հաջորդ անգամ մենք գանք այստեղ, տեսնենք ապրեցված և ապրող տարածք, երեխաների մտածողությունը, զարգացումը ձևավորող, նրանց տաղանդը բացահայտող տարածք, որը կլինի բարեկարգ, ծաղիկներով պատված և խնամված: Ցանկանում եմ, որ երեխաները փոխեն վերաբերմունքը դպրոցի նկատմամբ: Այդ պրոցեսն, իմիջիայլոց, Հայաստանում գնում է՝ մի ժամանակ դպրոցը մի տեղ էր, որտեղից երեխաները շտապում էին դեպի տուն: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցը լինի մի տեղ, որտեղ երեխաները շուտ քնելու, շուտ արթնանալու և դպրոց գնալու ցանկություն ունենան: Իհարկե, շենքը շատ կարևոր է, բայց շենքը երբեք նպատակ չի եղել և նպատակ չէ: Շենքը միջոց է երեխաներին հնարավորություն տալ կերտելու իրենց սեփական հաջողության պատմությունը և իրենց սեփական հաջողության պատմության միջոցով իրենց Հայրենիքի, իրենց պետության հաջողության պատմությունը:
Սիրելի երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի առիթով, շնորհավորում եմ դպրոցի շենքի շահագործման հանձնելու առիթով և բարի վերադարձ ձեր տուն: Ուզում եմ, որ դուք ապրեք և ապրեցնեք այս տունը, որը ճառագի երջանկությամբ»,- ասել է վարչապետը:
Շրջելով նորակառույց դպրոցում՝ վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին: Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019թ. մարտից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. սեպտեմբերից, ավարտվել է 2022 թ. դեկտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Բացի կառուցումից, դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 14 մլն 238 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 118 աշակերտ:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, կրկին ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը շրջել է դպրոցում, որը հիմնանորոգվել և վերակառուցվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ 1932 թ. կառուցված նախկին շենքի տարածքը կազմել է 2.881,2 քմ, շենքի ներսում նախկինում գտնվել է Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրական սնուցման կայանը՝ վտանգելով դպրոցի միջավայրը: Մինչ վերակառուցումը՝ դպրոցում սովորել է 383 աշակերտ: Վերակառուցված շենքի մակերեսը 3800 քմ է: Այն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Վերակառուցման ժամանակ պահպանվել է նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Վերակառուցված դպրոցն ունի երկու մարզադահլիճ, հրաձգարան, խոհանոց, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, ապահովված է շենքի մատչելիությունը՝ ներառական հարմարեցված միջավայրի ապահովման տեսանկյունից: Դպրոցն ապահովված է արևային կայանով, ջեռուցման համակարգերով, տեսահսկման սարքերով, անվտանգության սարքավորումներով, օդափոխության, տաք և սառը ջրամատակարարման համակարգերով: Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար:
–