Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետդեպի խոսնակն ընդգծել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու անհրաժեշտությունը` արդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով, ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Այնուհետև, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով և վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված խնդիրի շուրջ։ Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է պատանդ լինի քաղաքական տարաձայնություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print