Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները:
Արցախում իրավիճակը տեղի իշխանություններն են հսկում, սակայն եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը չճանաչեն, խաղաղություն չի լինի։ Ի պատասխան La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանի տված հարցի` նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը ՀՀ վարչապետին հարցրեց` արդյոք կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է.«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Համենայն դեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները:
Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է․ որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»,- մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը: