Ոսկե մեդալ չնվաճեցինք մրցավարական կողմնապահության պատճառով․«Սյունիք» ակումբի մարզիչ

Հայաստանի թիմը  մասնակցել է ակումբի մշտական հովանավոր ԶՊՄԿ ՓԲԸ-ի հովանավորությամբ։

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ երկու արծաթ եւ երեք բրոնզ:

Լայթ եւ կիդլայթ ոճերում 13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ) նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ, 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ) նույնպես երկու ոճերում նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ, 15-ամյա Տիգրան Հարությունյանը(-51 կգ) ֆուլ-կոնտակտ ոճում բրոնզե մեդալակիր է:

Թիմի հետ Ստամբուլ մեկնած ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանի խոսքով Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ չեն նվաճել մրցավարական կողմնապահության պատճառով:

«Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճեցինք: Լարված մրցաշար ստացվեց մեզ համար: Մեծ պայքար էր գնում: Մեզ համար շատ պատասխանատու առաջնություն էր, որովհետեւ գտնվում էինք Թուրքիայում, թշնամի երկրում: Այնտեղ էր նաեւ Ադրբեջանի թիմը: Լարվածությունը կրկնապատիկ էր: Մեր տղաները լավ մասնակցեցին, պայքարեցին մինչեւ վերջ, արեցին ամեն ինչ մեդալներ նվաճելու համար:

Ոսկե մեդալ չնվաճեցինք մրցավարական կողմնապահության պատճառով: Կարծում եմ՝ ուղղակի թույլ չէին տա, որ Թուրքիայում հնչի Հայաստանի հիմնը: Շատ լարված պայքար եղավ եզրափակիչներում, որտեղ կային ակնհայտ կողմնապահությունները: Կապանում գործող «Սյունիք» ակումբից 6 մասնակից ունեինք, որոնցից երկուսը երկուական արծաթե եւ բրոնզե մեդալակիրներներն են»,-  NEWS.am Sport-ի թղթացի հետ զրույցում ասաց Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի մարզիչ, «Սյունիք» ակումբի մարզիչ Վիկտոր Խաչատրյանը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 38 պետության 2015 մարզիկ: Հայաստանի թիմը  մասնակցել է ակումբի մշտական հովանավոր ԶՊՄԿ ՓԲԸ-ի հովանավորությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print