ԱԺ է ներկայացվել մահապատժի վերացման մասին օրինագիծը

Նախագիծը կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգում:

Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծն այսօր ներկայացվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի խոսքով՝ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամների կողմից, սակայն ուժի մեջ է մտել 44-ում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։

Փոխնախարարը նշեց, որ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, որը կողմ է մահապատժից լիովին հրաժարվելուն։ Սակայն դա մնում է երկրի դեռևս չկատարված կարևորագույն միջազգային պարտավորություններից մեկը։

Կարապետյանն ընդգծեց՝ թեման պարբերաբար արծարծվում է ԵԽԽՎ օրակարգում, իսկ ԵԽ պաշտոնյաները հայաստանյան իշխանությանը պարբերաբար խնդրում են ուշադրություն դարձնել այդ հարցին:

«Թիվ 13 արձանագրությունը դիտարկվում է որպես մահապատժի բոլոր տեսակներից հրաժարվելու վերջնական քայլ։ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի որպես կարևորագույն դրական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով», – ասաց Կարապետյանը։
ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ

Նա տեղեկացրեց, որ օրինագիծն ուղարկվել է ՍԴ, որտեղ Սահմանադրության հետ հակասություններ չեն գտել։

Հանձնաժողովը կողմը քվեարկեց, նախագիծը կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգում: Նշենք, որ կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023 թվականի մայիսին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print