Ադրբեջանական վարչակարգը հայերին առաջարկում է անհնարին ընտրություն՝ հպատակեցում կամ աքսոր:
Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը, նշել՝ դա Բաքվի կողմից «հսկայական քաղաքական սխալ է և մարտահրավեր միջազգային իրավունքի ամենատարրական նորմերին»։
Նշվում է, որ անամոթաբար օգտագործելով սովի և զրկանքների զենքը՝ Բաքուն ցանկանում է ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ հուսահատությունից դիմել Ադրբեջանին: Ադրբեջանական վարչակարգը հայերին առաջարկում է անհնարին ընտրություն՝ հպատակեցում կամ աքսոր:
Հեղինակը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, նշել՝ Բաքուն դրանք ուշադրության չի արժանացնում:
Հոդվածի համաձայն՝ միջազգային պասիվությունը և անտարբերությունը չափազանց երկար են տևել։ Նշվում է, որ Բաքուն պետք է հասկանա, որ շրջափակման պահպանումը միայն կուժեղացնի անկայունությունը, որից առանց այդ էլ տարածաշրջանն արդեն չափից շատ է տուժել։