Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վնասում է Հայաստանի տնտեսությանը։
Վերջին մի քանի ամիսներին Wildberries-ում ժամանակ անցկացնելը դարձել է հայաստանաբնակների օրվա մի մասը։ Ամեն րոպե ինչ-ինչ փնտրտուքների մեջ են մարդիկ. ինչ անհրաժեշտ է լինում, առանց տեղի շուկան ուսումնասիրելու, միանգամից ապրանքը որոնում են Wildberries օնլայն խանութում, գտնում համեմատաբար մատչելի տարբերակներ եւ գնում: Սրա պատճառն այն է, որ օգտատերերը գտել են ավելի հեշտ, հնարամիտ եւ էժան տարբերակ ապրանքները ռուսական շուկայից ավելի մատչելի տարբերակով պատվիրելու համար։ Սրա մասին մենք նախկինում գրել էինք։
Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։
Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, եւ տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն եւ արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
Wildberries-ը, սակայն, պատասխան դեռ չի տվել։ Այսինքն՝ հավանականությունը, որ Հայաստանում կարգելվի ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելը, շատ մեծ է։ Եւ տուժում է դարձյալ ՀՀ բնակիչը՝ զրկվելով համեմատաբար էժան շուկայից գնումների հնարավորությունից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։