Հայաստանում նախորդ՝ 2011թ. մարդահամարի համեմատությամբ նվազել է թե առկա, թե մշտական բնակչության ցուցանիշը։
2022 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ:
Նախնական տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Հայաստանում նախորդ՝ 2011թ. մարդահամարի համեմատությամբ նվազել է թե առկա, թե մշտական բնակչության ցուցանիշը։
Առկա բնակչության թվաքանակը, որը Հայաստանում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա բնակչության քանակից բացի ներառում է նաև ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակը, ըստ հաշվառման պահի, նվազել է 182 հազարով։
Մշտական բնակչության թիվը՝ մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա բնակչության քանակի և ժամանակավոր բացակաների հանրագումարը, նվազել է 86 հազարով:
Ըստ 2022թ. մարդահամարի նախնական արդյունքների՝ Հայաստանի մշտական բնակչության 36%-ը կազմել է գյուղական բնակչությունը, իսկ 64%-ը` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (58%) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին:
Քաղաքային բնակչության թվաքանակը նախորդ մարդահամարի համեմատ նվազել է 39 հազարով։ Նվազում նկատվում է բոլոր մարզերում՝ բացի Երևանից և Կոտայքի մարզից․ Երևանի բնակչությունը ավելացել է 26.5 հազարով, Կոտայքի քաղաքային բնակչությանը՝ 8.7 հազարով։ Մարզերում ամենաշատը պակասել է Սյունիքի քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 18 հազարով։
Կոտայքի մարզում աճել է նաև գյուղական բնակչության թիվը։ Աճ կա նաև Արագածոտնի և Լոռու մարզերի գյուղական բնակչության ցուցանիշներում, իսկ մյուս մարզերում թիվը նվազել է։
–