Ըստ նախարարության՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով շրջանառության մեջ է դրվել անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպման աշխատանքային խմբի շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
2017 թվականից սոճիների չորացման դեմ պայքարում Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) նկարահանումներ է կատարել «Սևան» ազգային պարկի անտառածածկի մի հատվածում, գիտահետազոտական աշխատանքներ՝ գիտական թեմայի շրջանակներում, և բանակցություններ է սկսել միջազգային կազմակերպությունների հետ։
Հիշեցնենք՝ դեռևս այս տարվա հուլիսի 7-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Սևան» ազգային պարկում սոճիները չորանում են։ Ըստ նախարարության հայտարարության՝ խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն արդեն չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10 000 հատ: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդ պարազիտն է։
Նախորդ հոդվածը գրելիս հեռախոսազրույց ունեցանք նաև Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանի հետ, որը, «Հետքի» հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չեն սկսվել հիվանդությունը կանխարգելող միջոցառումները, եթե խնդիրը նկատվել է դեռ 2017-ին, պատասխանեց, որ այս տարիների ընթացքում ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվել հիվանդությունը ախտորոշելու համար։ Նա հայտնեց, որ առաջիկայում պլանավորվում են կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Գրեթե երկու ամիս անց փորձեցինք ճշտել՝ արդյոք սկսվել են աշխատանքները և որ փուլում են։
Նախարարությունից հայտնեցին, որ ասեղնատերևավորների չորացման բազմակի դեպքերով պայմանավորված՝ դրանց տարածման միտումների ուսումնասիրության, դրանց նկատմամբ հակազդման մեխանիզմների մշակման նպատակով՝ շրջակա միջավայրի նախարարության «Այրես» զարգացման հիմնադրամի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադարմի (ՄԱԶԾ ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրի հետ համագործակցության շրջանակներում «Սևան» ազգային պարկի մի հատվածում իրականացվել է անտառծածկի նկարահանում և արբանյակային լուսանկարների միջոցով անտառային շերտի հեռահար զոնդավորում, իսկ ստացված տեղեկատվության հիման վրա կատարվել է վերլուծություն։
Ըստ նախարարության՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով շրջանառության մեջ է դրվել անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպման աշխատանքային խմբի շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
Նախարարության պատասխանում նաև նշված է՝ Հիվանդությամբ վարակված անտառների պահպանության նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի, Ճապոնիայի կառավարության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջև ընթանում են քննարկումներ վարակի տարածման կանխարգելման, ինչպես նաև արդեն իսկ վարակված ասեղնատերևավորների առողջացման միջոցառումների մշակման և կիրառման նպատակով: