Բայրամովը նշել է, որ նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի ժամանակ պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը 2020-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների մաս է:
Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրի փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի։
Ադրբեջանի արտգործնախարարը բողոքել է, թե իբր երբ զգացողություն է ստեղծվում, որ կողմերը մոտ են գործն ավարտին հասցնելուն, վերջին պահին հանկարծ Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։
Բայրամովի խոսքով՝ նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։
«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան «Բ»։ Իսկ նրա համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից», – ասել է Բայրամովը: