Այս պահի դրությամբ Ավստրիայում 18-ից 54 տարեկան 14 000 ուկրաինացի կա, որոնք պիտանի են զինվորական ծառայության համար։
Ավստրիան չի պատրաստվում արտաքսել երկրից կամ Ուկրաինային հանձնել զորակոչային տարիքի ուկրաինացիներին, նույնիսկ եթե Կիևի իշխանությունները նման խնդրանքով դիմեն, Exxpress հարթակին ասել են Ավստրիայի ՆԳՆ-ից։
«Նման խնդրով մեզ դիմելը կորակվի որպես ապաստան տրամադրելու մեր քաղաքականության, ինչպես նաև մեր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն, Ավստրիայում ոչ ոք չի գնա այդպիսի քայլի»,- լրատվամիջոցին ասել է ՆԳՆ-ի աղբյուրը։
Exxpress հարթակի տվյալներով, այս պահի դրությամբ Ավստրիայում 18-ից 54 տարեկան 14 000 ուկրաինացի կա, որոնք պիտանի են զինվորական ծառայության համար։ Նրանք գրանցված են որպես փախստականներ։ Իսկ ընդհանուր առմամբ Ավստրիայում 101 000 փախստական կա Ուկրաինայից, նրանցից 67 000-ը կանայք են։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ռադայում նախագահի ներկայացուցիչ, պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆյոդոր Վենիսլավսկին հայտարարել էր, որ այլ երկրներում գտնվող ուկրաինացի տղամարդկանց հարկավոր է վերադարձնել երկիր ու զորակոչել։ Ուկրաինացի պաշտոնյան նշել էր, որ դատախազությունը կարող է և պետք է ձերբակալման միջազգային օրդերների միջոցով քրեական հետապնդում իրականացնի արտերկրում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք բանակում չկռվելու համար լքել են երկիրը։