Բացի այդ Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, ռազմական սադրանք կազմակերպելու մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարությունում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտնական Հիքմեթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ճեպազրույցի Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները «սադրանք են» որակել․ «Այդ անօրինական կազմակերպության «նախագահի» ծրագրված «ընտրությունները» ծայրահեղ սադրիչ քայլ են։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումն անընդունելի է։ Հայաստանի կողմից իրականացված նշված սադրանքները բացասաբար են անդրադառնում կարգավորման գործընթացի վրա և զրոյացնում են միջազգային դերակատարների ջանքերն այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է համարժեք հասկանալ Հայաստանի անպատասխանատու և ապակառուցողական պահվածքից բխող ռիսկերն ու սպառնալիքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասվել է ճեպազրույցում։
Բացի այդ Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, ռազմական սադրանք կազմակերպելու մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանը «բացահայտորեն նոր խրամատներ է փորում, ամրություններ կառուցում, կադրեր ու տեխնիկա է հավաքում»։
Ադրբեջանցի պաշտոնյաները նշել են նաև, թե Հայաստանը, «օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ չարաշահելով առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունները, համաշխարհային զրպարտչական արշավ է մղում Ադրբեջանի դեմ տարածաշրջանում իբր շրջափակման և մարդասիրական ճգնաժամի առկայության մասին կեղծ և անհիմն պնդումներով»։