ԿԽՄԿ-ն Հելենի Ճարտարում ապրող ծնողներին առաջարկել է Հայաստան գալ, այստեղ հուղարկավորել իրենց դստերը։
Հելեն Դադայանի աճյունի՝ ԼՂ տեղափոխման հարցը հումանիտար օրակարգի քաղաքականացման ցայտուն օրինակ է և խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ը մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակը:
«ՀՀ ԱԳՆ-ը միջազգային գործընկերների հետ շփումներում բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով առաջացած անմարդկային շրջափակման և խնդիրների մասին: Հելեն Դադյանի աճյունի՝ ԼՂ տեղափոխման հարցը հումանիտար օրակարգի քաղաքականացման ցայտուն օրինակ է և հերթական անգամ ի ցույց է դնում մարդու իրավունքների նկատմամբ բացահայտ արհամարհանքի Ադրբեջանի քաղաքականությունը: Խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ մշտական կապի մեջ է ԿԽՄԿ հետ», – հայտնում է Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ Գյումրի – Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Գորիսի դիահերձարանում է արդեն երեք շաբաթից ավելի: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։
Այս հարցով ի սկզբանե զբաղվում էր ԿԽՄԿ-ն, բայց քանի որ Հայաստան-Ադրբեջան փաստաթղթային ձևակերպումների հարցում համաձայնության չեն գալիս, կազմակերպությունը Հելենի Ճարտարում ապրող ծնողներին առաջարկել է Հայաստան գալ, այստեղ հուղարկավորել իրենց դստերը։