Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԼՂ նորընտիր նախագահին

Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԼՂ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ իր անվերապահ սատարումը հայտնելով նրան: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,

Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:

Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:

Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print