Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, թե Սարգիս Հովհաննիսյանն արտահոսք է արել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, եւ Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ դժգոհություններ է ունեցել, եւ ներքին քննարկում է եղել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել , որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել, որից հետո որոշել են կոնկրետ քայլերի գնալ: Մասնավորապես, Աննա Հակոբյանի անվտանգության պետ Արթուր Գասպարյանը սկսել է ակտիվանալ ՊՊԾ-ում, ու Հովհաննիսյանի շուրջ օղակը սկսել է սեղմվել: ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, եւ Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո:

Ըստ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս վախեցել է հրավառության պայթյունի նմանվող ձայներից, քանի որ «Դվին»-ը գտնվում է կառավարական ամառանոցի հարեւանությամբ: Երբ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ ձայներ են, ով է հրավառության կազմակերպիչը, արդյոք ունի թույլտվություն, թե ոչ, Սարգիս Հովհաննիսյանը զեկուցել է, որ թույլտվություն ունեցել է ախալքալաքցի Էդգարը, որը հարսանիքի առիթով պատվիրել է թանկարժեք հրավառությունը:

Երբ ՀՀ ոստիկանապետից Նիկոլ Փաշինյանը բարկացած հետաքրքրվել է, թե ով է թույլ տվել այդ ժամին նման հրավառություն կազմակերպել, զեկուցվել է, թե թույլտվություն չեն ունեցել կազմակերպիչները, ինչի համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Գոլդ Ֆայեր» ՍՊԸ ընկերությանը տուգանել է 100 հազար դրամով: Ստացվում է, որ Սարգիս Հովհաննիսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին: Իրականում «Դվին» հյուրանոցի թիկնապահը զանգահարել եւ հրավառության համար բանավոր թույլտվություն ստացել է ՊՊԾ-ից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print