Քրեորեն պատժելի են համարվելու նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը

Պետք է փոխել հանրային ընկալումը և պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք նախատեսված են վարչական իրավախախտումների քննարկվող նորմերով:

Այսօր ԱԺ-ը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ թեև նախագծերը նպատակ ունեն խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաև ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները, սակայն դրանց սահմանման առաջնային նպատակն է կանխել նոր իրավախախտումների կատարումը, ներազդել ճանապարհից օգտվողների վարքագծի փոփոխությանը, բարձրացնել հանրային պատասխանատվությունը ճանապարհների օգտագործման պահպանման նկատմամբ:

«Վերոգրյալի համատեքստում նշված իրավավախտումների հանրային վտանգավորության աստիճանն աճել է: Ներկայումս մի շարք միջոցառումներ են իրականացվում ճանապարհային անվտանգության բարելավման և ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ, որոնց զգալի մասն ուղված է նաև ճանապարհային ենթակառուցվածքի, այդ թվում՝ ճանապարհային կահավորանքի, նշանների, արգելափակոցների վերականգմանը, համալրմանը, վթարավտանգ հատվածների վերացմանը»,- ասաց Ղալեչյանը։

Փոխնախարարը նշեց, որ պետք է փոխել հանրային ընկալումը և պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք նախատեսված են վարչական իրավախախտումների քննարկվող նորմերով, ուստի նախագծով առաջարկվում է եռապատկել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վնասման, օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները՝ ճանապարհներին, երկաթուղային գծանցներին, ճանապարհի ինժեներական կառույցներին վնասելու դեպքում նախատեսված 25-ապատիկից սահմանելով 75-ապատիկ, նույն արարքները, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, 30-ապատիկից սահմանել 90-ապատիկ, իսկ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման դեպքերում, ինչպիսիք են հողային առուները ոռոգման նպատակով օգտագործելը, կանաչ տնկիները վնասելը, աղտոտելը, նախատեսված 40-ապատիկից սահմանել 120-ապատիկ:

«Քրեորեն պատժելի են համարվելու նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, երթևեկությունը վնասող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը, որոնք մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց ՏԿԵ նախախարի տեղակալը:

   

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print