Նախագծի հաստատվելու դեպքում առաջարկվում է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը։ Կսահմանվի նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների մանկավարժական աշխատողների (խմբակավարների) պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նույն ոլորտում և նույն նպատակի համար, ինչպես նաև երեխաների դաստիարակության գործընթացում նույն գործառույթներն իրականացնող մասնագետների համար ներկայում կիրառվում են տարբեր մոտեցումներ, չկան միասնական իրավակարգավորումներ, որը խիստ մտահոգիչ է։ ՀՀ-ում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ հաստատության մանկավարժական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, հետևաբար կարգավորված չեն պետության կողմից նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների և հմտությունների ներկայացվող ընդհանրական, որակավորման, կառավարչական, իրավական ակտերի իմացության պահանջները։
Ըստ վիճակագրության՝ 2022/2023 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել Է 5237 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2125 մարզիչ-մանկավարժներ։
Ակնկալվում է, որ առաջարկվող կարգավորումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, կխթանվեն համակարգի զարգացման հնարավորությունները, կապահովվի մանկավարժների մասնագիտական զարգացման և կատարելագործման շարունակականությունը, կկատարելագործվեն հաստատությունների կառավարման մեխանիզմները:
Ըստ նոր կարգավորումների, առաջարկվում է հաստատել՝
Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների, այդ թվում՝ պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների մանկավարժական աշխատողների (խմբակավարների) պաշտոնների հետևյալ անվանացանկը՝
- տնօրեն, տնօրենի տեղակալ ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով, Գեղարվեստական ստեղծագործության բաժնի, տեխնիկական ստեղծագործության բաժնի, բնապահպանական բաժնի, մարզական և տուրիստական բաժնի, հայրենագիտության բաժնի և հաստատության ներսում գործող այլ արտադպրոցական ուղղվածության կառուցվածքային բաժինների ղեկավար, մանկավարժական աշխատող (խմբակավար):
Պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների պաշտոնների հետևյալ անվանացանկը՝
- տնօրեն, տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, բաժնի ղեկավար, մանկավարժ, գրադարանավար։
Պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական պաշտոնների հետևյալ անվանացանկը՝
- տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական աշխատող (մարզիչ-մանկավարժ),հրահանգիչ-մեթոդիստ, մարզիչ-փրկարար, ակրոբատիկայի մարզիչ, պարուսույց։
Նախագծի ընդունումը ենթադրելու է մի շարք ենթագործառույթներ, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերի վերանայում, նոր տարիֆիկացիոն մատյանների և հաստիքացուցակների մշակում և հաստատում։ Հաշվի առնելով խնդիրները, ինչպես նաև ոլորտային իրավակարգավորումները մեկ միասնական դաշտ բերելու անհրաժեշտությունը՝ հաստատվելու դեպքում առաջարկվում է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/6199