Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
«Հանձնաժողովը ԵԽԽՎ բյուրոյին առաջարկել է հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպել ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում»,– գրել է Վարդանյանը։
Նա նշել է, որ առաջարկվել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (մոնիտորինգի) և միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջանը կանցկացվի հոկտեմբերի 2-5-ը: