Պրահայի հռչակագրով Հայաստանը պաշտպանեց սեփական տարածքային ամբողջականությունը

Փաշինյանն ընդգծեց՝ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկում Հայաստանի դեմ և գրավում նրա տարածքներից, իսկ Հայաստանի դաշնակիցները լռում են, ՀՀ–ն պարտավոր էր հոկտեմբերի 6–ին հասնել Պրահայի այդ պայմանավորվածությանը

Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես մեկնաբանեց ՀՀ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, թե ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության հրաժարվել է ռուսական տարբերակից, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ 2022 թ. օգոստոսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ռուսական առաջարկը ներկայացրել է ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաևը:

Խովաևը 2022 թ. սեպտեմբերին կրկին ժամանեց տարածաշրջան իր առաջարկներին պատասխան ստանալու նպատակով։ Ընդ որում` սկզբում դիվանագետը մեկնել էր Բաքու (սեպտեմբերի 11–12–ը), իսկ Երևան էր եկել սեպտեմբերի 13–ին։ Արդեն լույս 13–ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ։

Ի դեպ, ՌԴ–ն և ՀԱՊԿ–ը չարձագանքեցին ՀՀ–ի` պայմանագրերի շրջանակներում սահմանված պարտավորությունները կատարելու գրավոր և բանավոր դիմումներին: Միևնույն ժամանակ Հայաստանը դրական էր արձագանքել կարգավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկին։ 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչելու մասին։

«Հայաստանն այդ որոշումը կայացրել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկում Հայաստանի դեմ և գրավում նրա տարածքներից, իսկ Հայաստանի դաշնակիցները լռում են, ՀՀ–ն պարտավոր էր հոկտեմբերի 6–ին հասնել Պրահայի այդ պայմանավորվածությանը»,– ասաց նա։

ՀՀ վարչապետը հակադարձեց իր ընդդիմախոսներին՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր այս որոշումը սխալ են համարում, դրանով ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print