Հարցեր կան որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ինչ վերաբերում է ապագայում հնգակողմ հանդիպմանը, ապա Միրզոյանն ասաց, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ գրեթե մշտապես կա։

Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե որ փուլում է հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը, ԱԳ նախարարը նշեց․

«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ, կարծեմ, ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ գործընթաց կա։

Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշեց, որ «դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից»։

Ինչ վերաբերում է ապագայում հնգակողմ հանդիպմանը, ապա Միրզոյանն ասաց, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ գրեթե մշտապես կա։

«Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված, նախնական պայմանավորվածություններ կան։ Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմնավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- նշեց Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print