Ըստ գլխավոր դատախազի՝ Երևան քաղաքի 14 մանկապարտեզի օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ։
Երևանի 24 մանկապարտեզի վերաբերյալ ի հայտ է եկել մի տեղեկատվություն, համաձայն որի՝ նախնական տվյալներով՝ դրանք օտարվել են մասնավոր անձանց: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանկապարտեզների օտարման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով որ երկու ուղղությամբ է աշխատանք իրականացվում:
«Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են, և այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզի՝ թիվ 132, 147, 159, 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր-մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի հայցից բացի՝ այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:
Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաև Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող՝ ընդհանուր 13 մանկապարտեզների կադաստրային գործերը»,- ասաց Վարդապետյանը:
Ըստ գլխավոր դատախազի՝ Երևան քաղաքի 14 մանկապարտեզի օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ. դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոն վարչական շրջանում գտնվող 7 մանկապարտեզ, Դավթաշենում և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող 1-ական մանկապարտեզ:
Աննա Վարդապետյանն ընդգծեց, որ նմանատիպ ուսումնասիրություն են կատարում նաև մարզերում:
–