Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար դիմած կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ։ Այսօր կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց տրամադրվել և պատրաստ լինել ձմեռային զորակոչին։
«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց, հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին»,– ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռյաին զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։
Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։
–