Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Նախօրեին ԵՄ առաքելությունը X–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում են նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն մեկ ժամ անց խմբագրվել էր գրառումը։
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։
Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։
«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», – ասաց բնակիչներից մեկը: