Անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցել է, որ երեկ Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ են հասցրել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը․ «Կարմիր Խաչը կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելով, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։
Զառա Ամատունին ընդգծում է, որ վերջին ամիսներին վատթարացած իրավիճակը հանգեցրել է առաջնային նշանակության սննդամթերքի սակավությանն ու որոշակի մթերքի իսպառ բացակայությանը, առողջապահական ծառայությունների հասանելիությանը նվազել է։ Նա նաև փոխանցում է, որ անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել, բայց ըստ անհրաժեշտության կդիտարկեն կարիքները։ Ըստ Ամատունու՝ շատ կարևոր է կողմերի համաձայնությունը, որ կարողանան անհրաժեշտ պարագաները անվտանգ Արցախ հասցնել։
«Փորձում ենք կապը պահել, երկխոսության ընթացքում հասկանալ կարիքները։ Այս պահի դրությամբ կարողացանաք տրամադրել միայն այս փոքր աջակցությունը»,– ասում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։