ԵՄ-ն ուշադիր հետևում է ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը

Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ կարևոր է, որ Բաքուն մարտերը չօգտագործի որպես պատրվակ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր դուրսբերման համար։

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները: Հրատապ է` վերադառնալ առարկայական, ազնիվ ու անկեղծ երկխոսության Բաքվի և Ղարաբաղի հայության միջև»,- ասել է նա։

Ըստ Ստանոյի՝ կարևոր է, որ Բաքուն մարտերը չօգտագործի որպես պատրվակ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր դուրսբերման համար։ «ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, և անդամ երկրները իրավիճակի զարգացման համատեքստում կորոշեն հաջորդ քայլերը»,- հավելել է նա:

Պիտեր Ստանոն, սակայն, չի մեկնաբանել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների կոչը՝ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ «Պատժամիջոցների կիրառումը ԵՄ երկրների իրավասությունների շրջանակում է»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print