Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգնության կոչերին:
Եվրամիության դիվանագիտությունն ի վիճակի չեղավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար, Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն:
«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը նախապատրաստվում էր մեր աչքի առաջ»,– ասել է Լուազոն միջազգային գործերի կոմիտեի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգնության կոչերին:
«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի աջակցության խնդրանքը՝ պատճառաբանելով, որ պետք է խաղաղություն նախապատրաստել, այլ ոչ թե պատերազմ։ Ընդ որում, Ադրբեջանն ուժեղացնում էր իր` առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ սպառազինություն ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք էինք փակում»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները:
«Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում իրենց առաջ»,– ասել է Լուազոն։
Նրա կարծիքով` դա ազդանշան կլինի, որ իրենց վրա հույս դնել չի կարելի։