Տեղեկատվական շտաբից հայտնել են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Եվլախի հանդիպումից հետո

Շտաբից հայտնում են նաև, որ իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը։

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ իրականացվում են

  • Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
  • որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
  • ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
  • Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
  • սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
  • Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Տեղեկատվական շտաբից հորդորում են քաղաքացիներին պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:

Շտաբից հայտնում են նաև, որ իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print