«Սյունիք» օդանավակայանը կարող է ընդունել միջազգային ոչ կանոնավոր չվերթներ

Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր: 

Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:

«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)
«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)
«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում

Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան:

Ընդ որում՝ ներքին ուղեւորափոխադրումները դեպի Կապան սկսվեցին այս տարվա օգոստոսի 21-ից: 

Թռիչքներն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար: 

Առաջին չվերթից հետո չվերթեր են կայացել նաեւ սեպտեմբերի 1-ին ու 4-ին: Իսկ ահա մնացած 7 չվերթերը չեն կայացել եղանակային վատ պայմանների պատճառով։  Բանն այն է, որ դեպի Կապան եւ այնտեղից հետադարձ չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց դեպքում եղանակի համար նախատեսված են շատ ավելի խիստ պահանջներ, քան սարքավորումներով թռիչք (IFR) կատարելիս: Այսինքն՝ եթե եղանակն այնպիսին է, որ չեն ապահովվում VFR-ով նախատեսված նվազագույն պայմանները, ապա չվերթ չի կարող կատարվել: 

Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվում էր այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել եւ ճանապարհել Իրանից եկող եւ դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ: Ինչու՞ փոքր ինքնաթիռների. որովհետեւ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թեւերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 19 հոգու համար նախատեսված «L-410»-ը հենց նման ինքնաթիռ է: 

Այլ կերպ ասած՝ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա: 

hetq.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print