Euronews-ն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Մղձավանջ է, բառեր չկան նկարագրելու։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից փախստականների առաջին խումբը ժամանել է Հայաստան։ Մի քանի տասնյակ բնակիչներ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ընդունվել են ՀՀ կառավարության կողմից ստեղծված հումանիտար կետում։ Նրանք գրանցված են, որոշվում են նրանց կարիքները։ Շատերն ասում են, որ չեն ցանկանում մնալ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի պայմաններով, գրում է Euronews-ը։

«Այսօր հեռացանք, մեզ ասացին՝ կա՛մ գնացեք, կա՛մ ադրբեջանական անձնագիր վերցրեք։ Մենք ադրբեջանական անձնագիր վերցնող չենք»,- ասել է փախստական Դավիթ Ղևոնդյանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ մինչ Հայաստան մեկնելը հազարավոր մարդիկ տարհանվել են վերջին մարտերից տուժած քաղաքներից և գյուղերից։ Նրանց Հայաստան են տեղափոխում ռուս խաղաղապահները։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին։

«Մղձավանջ էր։ Բառեր չկան նկարագրելու։ Գյուղը ենթարկվել է ուժեղ հրետակոծության, այնտեղ գրեթե մարդ չի մնացել։ Մարդկանց մեծ մասը տարհանվել է։ Եվ հիմա մենք այստեղ ենք, փառք Աստծո»,- պատմել է փախստականներից մեկը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print