Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները:
«Ադրբեջանը պետք է կատարի այդ խոսումը: Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում եւ ներկայություն լինի, որպեսզի տեսնեն՝ արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր հանձնառությունները, եւ կարողանան այդ կառույցները հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,-ասել է Փաուերը:
Նրա խոսքով Ադրբեջանը պետք է ընդմիշտ եւ լիարժեք բացի Լաչինի միջանցքը ուղեւորափոխադրումների եւ հումանիտար փոխադրումների Համար:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոստումները բնակիչներին սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ եւ գալ, երբ դեղորայքի եւ սննդի պաշարները չեն կարողանում հասնել այնտեղ: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին, օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է , պետք է ունենա մուտք, որպեսզի առաջին անհրաժեշտության աջակցություն, հումանիտար օգնություն ցուցաբերվի մարդկանց»,-ընդգծել է պաշտոնյան։
Խոսելով մինչ այժմ Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության մասին, Սամանթա Փաուերը ասել է.«Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցության մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհարժեշտության նյութեր, վերմակներ, հիգիենայի պարագաներ այն անձանց, ովքեր թողել, հեռացել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղից եւ այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք եւ կանխիկ դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն: Մենք սերտորեն աշխատում ենք տեղի իշխանությունների հետ»,-եզրափակել է Փաուերը։