Թուրքիայի նախագահը հայտնել է՝ ինչ է քննարկել Փաշինյանի հետ

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է՝ ինչ է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։

«44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով խոսել եմ», – ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:

«Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», – եզրափակել  է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print