ԼՂ-ում Ադրբեջանի կողմից վայրագությունների և էթնիկ զտումների կանխմանն ուղղված օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

Փաստաթուղթը պետքարտուղարությունից պահանջում է մշակել մանրամասն ռազմավարություն։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների հարցերով գլոբալ ենթակոմիտեի նախագահ Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վայրագությունների և էթնիկ զտումների կանխմանը: Օրինագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գուս Բիլիրակիսը, Ջիմ Կոստան և Ֆրենկ Հիլը:

Փաստաթուղթը պետքարտուղարությունից պահանջում է մշակել մանրամասն ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի երկարաժամկետ անվտանգության և բարեկեցության խթանման համար, մասնավորապես.

  • ԱՄՆ դիվանագետներին տարածաշրջան գործուղում՝ իրավիճակը վերահսկելու և հետագա ճնշումների մասին անհապաղ տեղեկացնելու համար.
  • Հայկական մշակութային ժառանգության օբյեկտների 24-ժամյա տեսահսկման ներդրում.
  • Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակման և շրջափակման հետևանքով տուժած հայերին մարդասիրական օգնության թույլտվություն.
  • Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումը ղեկավարած պաշտոնատար անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում.
  • Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման տրամադրում ժողովրդավարական Հայաստանին, որին ներկայումս սպառնում է Ադրբեջանը.
  • ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի նախագահի վերապահումը վերացնելու միջոցով:

«Ցավոք, ԼՂ հայերը ստիպված են եղել զինաթափվել և իրենց անկախությունը զիջել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիներ շարունակ սարսափելի ճնշումներ է գործել նրանց նկատմամբ, արտահայտել է էթնիկ զտման իր կամքը և նույնիսկ Լաչինի միջանցքի շրջափակմամբ սովի մատնելու միջոցով ցեղասպանություն է նախաձեռնել: Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, իրավունք ունեն շարունակել ապրել իրենց հին հայրենիքում և դա անել անվտանգ»,- ասել է Սմիթը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print