Բժշկի խոսքով՝ արդեն վերջին հիվանդներին են փորձում տեղափոխել։
Այս պահի դրությամբ վերջին վիրավորներին և այրվածներին ենք փորձում տարհանել», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Մարատ Հարությունյանը, ով իր փոքրաթիվ գործընկերների հետ բժշկական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունից հարյուրավոր վիրավորներին։
«Բոլոր աստիճանների այրվածքներ ստացած հիվանդներ ունեինք, շատ են ծանր վիճակում գտնվող, ահագին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող այրվածք ստացած հիվանդներ ունենք։ Տարհանման վերջին փուլն է՝ տեղափոխելու են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններ»,-ասաց բժիշկը։
«Հրապարակի» հարցին, արդյոք Արցախ ժամանած հայաստանցի բժիշկների թիմը կարողացե՞լ է օգնել իրենց` դեղամիջոցներ ու այլ պարագաներ բերել, ասաց. «Որևիցե տեղից եկած բժշկական անձնակազմ ընդհանրապես չի եկել, որևիցե մեկ բժիշկ կամ բուժքույր կամ բժշկական անձնակազմ չի եղել։ Շտապ օգնության մեքենաներ են եկել, որոնք որ տարհանում են կատարել»,-ասաց բժիշկը՝ հավելոլով, որ ուղղաթիռը ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է ապահովում ու բժիշկներ են դնում մեկ-մեկ, որ ծայրահեղ ծանր ապարատային շնչառությամբ հիվանդներին տեղափոխեն ուղղաթիռով։
Բժիշկը տեղյակ չէր, արդյոք ուղղաթիռում ծայրահեղ ծանր հիվանդներին ուղեկցող բժիշկը ռուս խաղաղապահների բժիշկներից է եղել, թե ոչ՝ արցախցի բժիշկ համենայնդեպս չի եղել։ Շտապ օգնության մեքենաներին հաջողվել է շրջանցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին առկա հսկայական խցանումը, որն առաջացել է բռնագաղթի հետևանքով։
Արվել է ամեն հնարավորը, հաշվի առնելով, որ տեղի բժշկական անձնակազմի մեծ մասը գաղթի ճանապարհին է արդեն եղել, և Հայաստանից եկած օգնության շնորհիվ կարողացել են տարհանումը կազմակերպել՝ մեծ քանակությամբ հիվանդներ են կարողացել տեղափոխել նստած և պառկած վիճակում։
«Բոլորը մի մարդու պես լծվել են մեզ օգնելու, վիրավորներին օգնելու գործին և մաքսիմալ ձևով մեկ-երկու օրվա մեջ հարյուրավոր հիվանդների կարողացել ենք օգնություն ցուցաբերել և փառք Աստծո ամենավերջին մեր հիվանդներին ենք փորձում դուրս բերել»,-ասաց Մարատ Հարությունյանը։
Ստեփանակերտցի բժիշկն ասաց, որ 14-15 տարեկաններ են եղել` թե վիրավորների, թե պայթյունից զոհվածների թվում։ «Պայթյունը չափազանց ուժգին է եղել։ Իսկ թիվ չեմ կարող ասել՝ թիվ ուղղակի չկա, ես չգիտեմ»,-ասաց բժիշկը։
Երեկ գիշեր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում նաեւ փոքրիկ է ծնվել․ «Մի հատ փոքր մանկիկ է ծնվել մեզ մոտ՝ այս պայմաններում»։