Հռոմի ստատուտը կներկայացվի ԱԺ նիստի օրակարգ. հանձնաժողովը հավանության արժանացրեց այն

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում միաձայն հավանության արժանացրեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

Նախագիծը ներկայացնելիս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու իրական պատճառը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ ունենալն է: Ըստ նրա, ստատուտին միանալը նաև կանխարգելիչ ազդեցություն կունենա:

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում. «Հռոմի կանոնադրությունն ունի  ուժի մեջ մտնելու վերաբերյալ կանոնակարգումներ։ Կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»։

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցում հանձնաժողովի նիստին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print