Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը:
Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու նախագիծը ներկայացնելիս:
Նախարարը տեղեկացրեց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն դրամ, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ:
«Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ն է ուղղված լինելու գումարային հատկացումը:
«Տարբեր նպատակներով, այսինքն՝ ինչ կարիքների անհրաժեշտություն կունենան: Կարող է լինել գույքի տեսքով, կարող է լինել սննդի տեսքով, պարենային ապրանքների: Դրանք կարող են տրանսպորտային տարբեր ծախսեր լինել»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը:
Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը: