Գորիս-Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ 35 ավտոբուս կմեկնի՝ երթևեկի ինտենսիվությունը թեթևանալուն պես։
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 500 անձ: Նրանցից մոտ 50 866-ը հաշվառված է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Գիշերվա ընթացքում բոլորն աշխատել են, և պետք է նկատել, որ ինտենսիվությունը բնավ չի նվազել, և շարունակում ենք ժամում շուրջ 1000 անձի սպասարկել, ուղղորդել և նրանց հաշվառումն իրականացնել այս գործողությունների ընթացքում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիները, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոցներ, նրանց փոխադրման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել: Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ:
«Անխտիր բոլոր այն անձանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, պետության կողմից առաջարկվում է կեցավայր»,- հերթական անգամ ընդգծեց Նազելի Բաղդասարյանը: